1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք օգտվում են հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ սահմանված զինվորական ծառայության պայմաններից բխող սահմանափակումները: Նրանց վրա դրվում են սահմանադրական, այլ համաքաղաքացիական պարտականություններ, ինչպես նաև ընդհանուր, ծառայության և հատուկ պարտականություններ` սահմանված զինվորական ծառայության պայմաններով:
  2. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:
  3. Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:
    Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
    – պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
    – հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:
    Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:
  4. Բոլոր զինծառայողները, ինչպես նաև պահեստազորում կամ պաշտոնաթողության մեջ գտնվող քաղաքացիները, որոնք զինվորական ծառայությունից զորացրվել են զինվորական համազգեստ կրելու իրավունքով, ունեն զինվորական համազգեստ կրելու իրավունք։
  5. Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

Հոդված 9. Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

Հոդված 10. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:

Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: